Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«...Իսկ այսօր բոլորս ենք որոշում, թե որ նախարարությունում ով լինի նախարար»

«...Իսկ այսօր բոլորս ենք որոշում, թե որ նախարարությունում ով լինի նախարար»
17.05.2018 | 18:54

ՀԵՂԻՆԱԿԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Ինչ կարծիք ունեն մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին տարբեր ոլորտների երիտասարդ ներկայացուցիչները: Արձակագիր ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, խոսելով իր մտավախությունների ու ակնկալիքների մասին, ասաց, որ մտավախությունները հիմնականում կապված են նախկին համակարգի դիմադրության, հնարավոր սաբոտաժի և ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունները խափանելու հետ, իսկ ակնկալիքները չափավոր են, առնվազն այս փուլում, երբ կառավարությունը ժամանակավոր է, և դեռ ամբողջական իշխանափոխություն չի եղել:
-Ասում են՝ էյֆորիայից հիասթափություն մեկ քայլ է:
-Այո, եթե ինքդ գիտակցված կերպով դուրս չգաս միանգամայն բնական էյֆորիայից ու չսկսես սառը գլխով վերլուծել ստեղծված իրավիճակը, հիասթափությունն անխուսափելի է:
-Այն, որ ազգովին հետևում ենք երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության, վերլուծում, գնահատում կամ քննադատում՝ լա՞վ է, թե՞ մի քիչ շատ է:
-Ստեղծված աննախադեպ իրավիճակում նորմալ է, նույնիսկ անհրաժեշտ է ու գովելի, քանի որ ժողովուրդն առաջին անգամ հնարավորություն է ստացել վերլուծելու, գնահատելու կամ քննադատելու բաներ, որոնց հեղինակն ինքն է, որի հնարավորությունից տարիներ շարունակ զրկված է եղել: Կարծում եմ՝ աստիճանաբար կրքերը կհանդարտվեն, ու ավելի հանգիստ փուլի մեջ կմտնենք, եթե, իհարկե, անկանխատեսելի սրացումներ չլինեն:
-Իսկ գրական դաշտում, գրահրատարակչական ոլորտում փոփոխությունների կարիք կա՞:
-Փոփոխությունների կարիք կա ամենուր, առանց բացառության:
-Ձեզ հետաքրքրու՞մ է` ո՞վ է մշակույթի նախարարը: Մանավանդ, երբ հարց է բարձրացվում՝ պե՞տք է մեզ այդ կառույցը, թե՞ ոչ:
-Անկեղծ ասած չի հետաքրքրում, քանի որ ինչպես նշեցիք, ես նույնպես խիստ կասկածներ ունեմ այդ կառույցի պիտանության առնչությամբ: Կարծում եմ՝ նախարարության փոխարեն պետք էլ լինեն հիմնադրամներ կամ ավելի ճկուն, քիչ ծախսատար այլ կառույցներ:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻՆ


ՀԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆՆ ասաց, որ ապրիլից Հայաստանում չէ, և բավարար չափով տեղյակ չէ վերջին շրջանի իրադարձություններին:
-Բայց կարող եմ միայն մի բան ասել՝ տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի: Ժամանակը ցույց կտա: Խնդրում եմ բոլորին առաջնահերթ ուշադրություն դարձնել պրոֆեսիոնալիզմին,- խորհուրդ տվեց սննդագետը:
-Ձեր ոլորտում բարեփոխումներ կլինե՞ն: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Սովորաբար, սպասելիքներ ու ակնկալիքներ ինձնից եմ ունենում։ Խոսք եմ տալիս՝ վերադառնալ Հայաստան նոր գաղափարներով, որոնք միանշանակ դրականորեն կազդեն ոլորտի զարգացման վրա։

ԲԵՐՔԸ ՔԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


ՆԱՐԻՆԵ ՓԻԼՈՅԱՆ (Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, «Բնասերներ» խմբի ղեկավար)
-Նարինե, այս օրերին տեսանք, որ, մի կողմից, քաղաքը աղտոտում էին, մյուս կողմից՝ մաքրության ակցիաներ անում: Սա խոսում է այն մասին, որ երկու տարբեր բևեռնե՞ր կան մեր հասարակության մեջ:
- Կարծում եմ՝ հասարակությունը չի կարող միաբևեռ լինել, խոսքն այն մասին է, թե որ բևեռն է առավել գերակշռող:Կարծում եմ՝ դրական տեղաշարժ ունենք:
-Բնապահպանության ոլորտում ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել:
-Կցանկանայի, որ բոլորն անխտիր բնապահպանական աշխատանք կատարելու պարտավորվածություն ունենային, ինչը կլիներ վերահսկելի: Այս ոլորտում պետք է լինեն որակավորված անկախ փորձագետներ՝ լսելի, վճռական և անկաշառ խոսքով:
-ՈՒսուցանում ես երեխաներին. ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչ հայացքներ ունեն, որակական ի՞նչ հատկանիշներ:
- Երեխաներն այսօր արագ են զարգանում, շատ կարևոր են այն ազդակները որոնք տրվում են այդ ընթացքում: Նրանք յուրացնում և կիրառում են այն, ինչը տրվում է պարբերաբար և հետևողականորեն, օրինակ, եթե երեխային մեկ անգամ ասում ես՝ թուղթը մի գցիր գետնին, դա բավարար չէ իր ամբողջ կյանքի համար, դա անընդհատ պրոցես պետք է լինի, դա նման է սերմից աճող ծառի, չես կարող սերմը տնկել և հաջորդ օրն ակնկալել, որ բերք կքաղես, անընդհատ և ամենօրյա խնամքի շնորհիվ է, որ ծառը մի օր անուշ պտուղներ է տալիս, բայց մինչ այդ պահանջում է համբերատար խնամք:
-Հատկապես ի՞նչն է փոխվել մեր քաղաքում, մեր երկրում:
-Տրամադրությունն ու տրամադրվածությունը: Այս օրերին ովքեր դուրս էին գալիս փողոց, նաև կրթվում էին, այնտեղ մի շատ կարևոր արտահայտություն էին հնչեցնում՝ «Հայաստանի հպա՛րտ քաղաքացի», և կարծում եմ՝ դա տեղ հասավ, մինչ այդ մարդկանց մեջ ներդրվել էր այն գաղափարը, թե «ինքն ով է, որ ինչ-որ բան փոխի», իսկ այսօր բոլորս ենք որոշում, թե որ նախարարությունում ով լինի նախարար: Եթե ուշադրություն դարձնենք՝ սա ևս պարբերաբար կրկնելու արդյունք է: Եվ իհարկե, անկարելի է չտեսնել ինքնագնահատականի բարձրացումը, ինչը ևս շատ կարևոր գործոն է մեզ համար՝ որպես ազգի:
-Սիրո մասին ենք խոսում, բայց սոցցանցերում (և ոչ միայն) անհանդուրժողականության դրսևորումների ենք հանդիպում նաև:
-Կարծում եմ՝ սոցցանցերի քննարկումները լավ հնարավորություն են, որ քաղաքացին հասունանա և սովորի իր համոզմունքը հիմնավորել: Գուցե անփորձությունից այդ ընթացքում սխալներ թույլ տրվեն, բայց սա հղկման ճանապարհ է, մեկ-երկու նման դեպք, և անհատը կընտրի քաղաքակիրթ տարբերակը, իր կարծիքն առանց պարտադրանքի արտահայտելու ճանապարհը: Անկեղծ ասած, ինձ համար մինչ այժմ մեր հանդուրժողականությունն էր սարսափելի, իսկ հիմա պետք է կռիվ տանք իրար հասկանալու համար, ինչում ես որևէ վտանգավոր բան չեմ տեսնում, մենք ընդամենը հղկվում ենք:


Ճեպազրույցները՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ